ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.09.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի Համաշխարhային Ծրագրի փոխտնօրեն Նաննա Սկաուին և Ծրագրի գործընկերության պատասխանատու Արտակ Օրդյանին

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը, Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ձևաչափերը։
Նախարարի տեղակալը նշել է, որ ջրային ռեսուրսների արդյունավետ և կայուն կառավարումը Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություններից է, և բացի տեխնիկական աջակցությունից, ջրային ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ են նաև կապիտալ ներդրումներ։
Գայանե Գաբրիելյանը գործընկերներին տեղեկացրել է, որ 2022 թվականին Ջրային օրենսգրքում ամրագրվել է նոր դրույթ ձկնաբուծարանների կրկնակի ջրօգտագործման և փակ շրջանառու համակարգի տեղադրման վերաբերյալ։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը և խոսել նախատեսվող  արդյունքներից՝ ակնկալելով համագործակցություն Պարենի Համաշխարային Ծրագրի հետ նաև այդ ծրագրի շրջանակում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև իրականացվող ծրագրերի կառավարման և մոնիթորինգի կարողություների հզորացման, անձնակազմի վերապատրաստմանն առնչվող հարցեր։
Նախարարի տեղակալը խիստ կարևորել է նաև սույն թվականի նոյեմբերի 7-18-ը Եգիպտոսում կայանալիք COP27 կլիմայական համաժողովին Հայաստանի պատվիրակության մասնակցության շրջանակում հնարավոր համագործակցությունը։
Նախարարի տեղակալը  հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպման ընթացքում քննարկված հարցերն ու ծրագրերը նոր խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար: