ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.05.2024
Հատապտղային կենու պուրակը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հարստություններից է

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցի Կենու պուրակը։
Հատապտղային կենու (Taxus baccata) (VU) պուրակը արգելոցի հարստություններից է: Կենին Հայաստանում ներկայացված է ընդամենը մի քանի պոպուլյացիաներով: Այն երրորդական դարաշրջանի ռելիկտ է և շատ հազվագյուտ է Հայաստանի տարածքում:
Վտանգված տեսակ է, գրանցված է ՀՀ բույսերի կարմիր գրքում։ Տեսակի աճման պայմանների փոփոխությունը կարող է հանգեցնել բնակության շրջանի կրճատմանը: Տեսակի հիմնական սահմանափակող գործոններն են դժվարացած սերմնային վերականգնումը և կլիմայի գլոբալ փոփոխությունը։
Մշտադալար ծառ է, մինչև 25 մ բարձրության, կարմրամոխրագույն բնով մինչև 1 մ տրամագծով, հարթ կամ թիթեղիկավոր: Տերևները՝ 5–8 տարի պահպանվող, երկարանշտարաձև, տափակ, ելուստային ջղերով, սուր, կարճ կոթուկով, փայլուն: Հատապտուղը՝ վառ կարմիր:
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում ծ. մ. 700–1500 մ բարձրությունների վրա, գետերի ափերին, անտառներում: Ունի արժեքավոր բնափայտ:

Լուսանկարների հեղինակ՝ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Մկրտչյան Արման