ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.04.2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն  աշխատանքային այցով եղել է Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանը, ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Հայկ Ղևոնդյանը։
Հանդիպման նպատակն էր ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկումը գիտական համայնքի հետ՝ վերջինիս ջրային խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներում ներգրավելու նպատակով։
Նախարարության ներկայացուցիչները տեղում ծանոթացել են ինստիտուտում իրականացվող հետազոտություններին, նորարարական փորձերին, հնարավորություններին։ 
Ինստիտուտի տնօրեն Արմեն Բաբայանի, Ջրային կոմիտեի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանի, ինստիտուտի գիտաշխատողների հետ քննարկվել են ջրային ոլորտում բնապահպանական կարևորություն ունեցող մի շարք հարցեր:
Փոխադարձ համագործակցության նպատակով նախարարության և ինստիտուտի միջև առաջիկայում երկկողմ համաձայնագիր կկնքվի՝ նախարարության և գիտական կազմակերպության ջանքերը ջրային ոլորտի խնդիրների լուծմանը համատեղ ծառայեցնելու նպատակով։