ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.04.2024
Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Երկրի համաշխարհային օրը

Ամեն տարի ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Երկրի համաշխարհային օրը։ Օրվա առիթով միջոցառումներ են կազմակերպվում ավելի քան 193 երկրում։
Երկրի օրը հիշեցնում է շրջակա միջավայրի պահպանման և կայուն զարգացման կարևորությունը՝ խրախուսելով մեզ միավորվել և գործողություններ ձեռնարկել հանուն ավելի առողջ և կանաչ մոլորակի։ Տարբեր միջոցառումների և նախաձեռնությունների միջոցով մենք ձգտում ենք բարձրացնել իրազեկվածությունը և ամրապնդել կապը բնության հետ: 
2024 թվականի ապրիլի 22-ի կարգախոսն է՝ «Մոլորակն ընդդեմ պլաստիկի»։ 
Այս կարգախոսը մեզ կոչ է անում վճռական գործողություններ ձեռնարկել, դադարեցնել պլաստիկի օգտագործումը՝ հանուն մարդու և մոլորակի առողջության՝ կրճատելով պլաստիկի արտադրությունը, որի վերջնական նպատակն է՝ առանց պլաստիկի ապագա կերտել սերունդների համար և նվազեցնել մեր մոլորակի աղտոտումը:
Առաջին անգամ Երկրի համաշխարհային օրն անցկացվել է 1970 թվականի ապրիլի 22-ին ԱՄՆ-ում։ Այն կազմակերպվել էր մի խումբ բնապահպան ակտիվիստների կողմից՝ ամերիկացի սենատոր Գայլորդ Նելսոնի գլխավորությամբ, որը մտահոգված էր շրջակա միջավայրի աղտոտման բացասական ազդեցությամբ: Այդ ժամանակից ի վեր օրվա նշանավորումը դարձել է համաշխարհային շարժում, որը կոչ է անում Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի միջոցներ ձեռնարկել պաշտպանելու մեր մոլորակը: