ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.04.2023
Կայացել է «Կայուն պետական գնումների գործիքներ, իրականացում և լավագույն փորձ» խորագրով աշխատաժողովը

Սույն թվականի ապրիլի 12-14-ը Երևանում կայացել է «Կայուն պետական գնումների գործիքներ, իրականացում և լավագույն փորձ» խորագրով աշխատաժողովը։ 
Աշխատաժողովը իրականացվել է Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) ֆինանսավորմամբ, ԱՄՆ բնապահպանական պաշտպանության գործակալության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության  շրջանակներում։
Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, միջազգային առևտրի Նյու Հեմփշիրի գրասենյակի միջազգային ծրագրի ղեկավար Ադամ Բոլթիկը, Կայուն պետական գնումների անկախ փորձագետ Ֆարիդ Յակերը, ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչության, Բարձր արդյունավետության կանաչ շենքերի դաշնային վարչության Բարձր արդյունավետության շենքերի ծրագրի խորհրդական Մայքլ Բլումը,  շահագրգիռ գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներ։ 
ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Գլխավոր իրավախորհրդատուի գրասենյակի՝ Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) ստորաբաժանումը եզակի խնդիր ունի տեխնիկական աջակցություն ցուցաբերել անցումային տնտեսությամբ երկրների կառավարություններին և մասնավոր հատվածներին՝ բարելավելու գործարար ոլորտի իրավական միջավայրը, այդպիսով խթանելով ավելի մեծ քաղաքական կայունություն և տնտեսական հնարավորություններ տեղական ձեռներեցների և ԱՄՆ ընկերությունների համար։
Բացման ելույթով հանդես է եկել նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ով իր ելույթում անդրադարձել է Հայաստանում կայուն պետական գնումների ոլորտին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին և շեշտել «կանաչ» հայեցակարգի կարևորությունը։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են  կայուն, կանաչ  գնումներին առնչվող օրենսդրական մեխանիզմները, ստանդարտները, չափանիշները, ինչպես նաև  կայուն պետական գնումների ոլորտում միջազգային դեպքերի ուսումնասիրությունները, գործիքները, լավագույն փորձն ու կայուն գնումներին ուղղված գործողությունների օրինակները, համաշխարային շուկայում  առկա էկոպիտակները, ածխածնի առևտուրը։ 
Մասնակիցներին տրվել են գործնական առաջադրանքներ՝ կայուն ծառայությունների գնումների ընթացակարգի վերաբերյալ իրենց տեսլականը ներկայացնելու համար։
Աշխատաժողովի ավարտին մասնակիցներին տրվել են մասնակցության վկայականներ։