ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.06.2024
Համագործակցության հուշագիր ուղղված՝ Հայաստանում վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարմանը

Նպատակ ունենալով նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանն ու վերականգնմանն ուղղված համապատասխան ծրագրերի և միջոցառումների իրականացմանը և ցանկանալով նվազեցնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա վտանգավոր թափոնների բացասական ներգործությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս դեմս գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանի և «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` ի դեմս գլխավոր կառավարիչ Յուրի Աֆրիկյանի, կնքեցին համագործակցության հուշագիր։
Հաշվի առնելով, որ նախարարության նպատակներից է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը, սույն հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնել ՀՀ օրենսդրության սահմաններում միավորել իրենց ջանքերը՝ ներդնելով իրենց մասնագիտական, մարդկային և տեխնիկական ռեսուրսներն ու ներուժը շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանն ու  վերականգնմանն ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացման համար։ 
Սույն հուշագրով ընկերությունը պատրաստակամ է՝ 
- ընդունել սպառողների էլեկտրոնային սարքերի և սարքավորումների թափոնները, 
- իրականացնել հավաքված Էլեկտրոնային սարքերի թափոնների տեսակավորում, մասնատում,
-վերամշակել կամ ապահովել տեսակավորված էլեկտրոնային թափոնների վերամշակումը՝ սեփական ռեսուրսներով կամ այլ լիցենզավորված կազմակերպությունների միջոցով, 
- Էլեկտրոնային սարքերի և սարքավորումների թափոնների վերամշակումից կամ օգտահանումից ստացված ֆինասական միջոցներին ավելացնել լրացուցիչ միջոցներ նույն չափով՝ դրանք ուղղելով անտառպատման և անտառվերականգնման աշխատանքներին,
- պահպանել թափոնների գործածության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։
Շրջակա միջավայրի գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը շնորհավորել է գործընկերներին, շնորհակալություն հայտնել բնության պահպանությանը միտված գործունեության համար և հույս հայտնլ, որ այս համագործակցությանը կմիանան մասնավոր ոլորտի այլ ընկերություններ ևս։
Իր հերթին  «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ի  գլխավոր կառավարիչ Յուրի Աֆրիկյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը՝ համագործակցությանը  բաց և ճկուն մոտեցման համար։