ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.05.2024
Քննարկում քիմիական նյութերի դասակարգման, պիտակավորման և փաթեթավորման գլոբալ ներդաշնակեցված համակարգի ներդրման վերաբերյալ

Սույն թվականի ապրիլի 29-ից 30-ը Երևանի «Անի Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցավ քիմիական նյութերի դասակարգման, պիտակավորման և փաթեթավորման գլոբալ ներդաշնակեցված համակարգի ներդրման վերաբերյալ քննարկում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի ուսուցման և գիտահետազոտական ինստիտուտի (ՅՈՒՆԻՏԱՐ) կողմից:
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, կարևորել է միջոցառման կազմակերպումը՝ նշելով, որ այն ուղղված է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործմանը։
Քիմիական նյութերի և թափոնների անվտանգ կառավարման սկզբունքներն ամրագրված են Հայաստանի Հանրապետության բոլոր ռազմավարական բնապահպանական և առողջապահական ծրագրերում: Սակայն դեռ շատ անելիքներ կան գիտելիքների մակարդակի բարձրացման ուղղությամբ:
Քիմիական նյութերի դասակարգման, պիտակավորման և փաթեթավորման գլոբալ ներդաշնակեցված համակարգը (ԳՆՀ) ստեղծվել է, որպեսզի համաձայնեցվեն քիմիական նյութերի վտանգի դասակարգումները և տեղեկացման համակարգերը երկրի ներսում, ինչպես նաև երկրների և տարածաշրջանների միջև:
Քննարկմանը մասնակցել են մի շարք գերատեսչությունների՝ առողջապահության, Էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների, մաքսային ծառայության, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, Բնապահպանության և ընդերքի, Սննդամթերքի անվտանգության, Շուկայի վերահսկողության և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ու վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում բանախոսությամբ հանդես են եկել միջազգային փորձագետներ Սանդրա Մոլենկամպը և Լենարտ Դոկը, որոնց կողմից ներկայացվել են ԳՆՀ ոլորտի օրենսդրության ասպեկտները, ԳՆՀ-ի ճանապարհային քարտեզի մշակման վերաբերյալ ՅՈՒՆԻՏԱՐ–ի ուղեցույցը, ճանապարհային քարտեզի մշակման տարբեր երկրների փորձը:
Շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հետևյալ հարցերը՝ արդյոք պետք է ԳՆՀ համակարգը ներդնել քիմիական նյութերի գործածության բոլոր ոլորտներում, թե միայն առաջնային՝ քիմիական արտադրանքի, գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտներում և ԳՆՀ համակարգի ներդրման իրավական կարգավորումները: