ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.12.2022
Կայացել է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ավարտական աշխատաժողովը և Խորհրդի նիստը

Կայացել է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ավարտական աշխատաժողովը և Խորհրդի նիստը, որի ընթացքում շահառուներին  են ներկայացվել ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքներն ու արդյունքները: 
Ավելի քան 90 միջոցառում, ավելի քան 3200 մասնակից, հարմարվողականության 5 ոլորտային, 2 մարզային և 1 քաղաքային ծրագիր,  կլիմայական և կապակցված բնական վտանգների ատլաս Շիրակի և Լոռու մարզերի համար, կլիմայական ռիսկերի խոցելիության ոլորտային և մարզային գնահատումներ, հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգի մշակում, 9 ուղեցույց, վերապատրաստումներ որոշում կայացնողների, լրագրողների, դպրոցականների և ուսուցիչների համար և շատ ավելին:  
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես
են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ովքեր ընդգծել են Հայաստանում կլիմայի փոփոխության դեմ պայքարի և դրա ազդեցությունների նվազեցմանն ուղղված գործողությունների պատեհությունն ու կարևորությունը:
2019-ին մեկնարկած «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագիրն իրականացվել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ: 
Ծրագրի նպատակներն էին աջակցել ՀՀ կառավարությանը հարմարվողականության ազգային ծրագրի մշակման գործընթացում, համակարգված շարունակական գործողությունների միջոցով նպաստել կայուն զարգացման հիմնարար կարողությունների ամրապնդմանն ու թիրախային խոցելի 6 ոլորտում՝ գյուղատնտեսություն, ջրային ռեսուրսներ, բնակավայրեր, առողջապահություն, տուրիզմ և էներգետիկա, կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների ներդրման առաջնահերթության սահմանմանը: