ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.10.2022
Քննարկվել են նոյեմբերի 5-ի աշնանային համապետական ծառատունկի նախապատրաստական աշխատանքները

Նոյեմբերի 5-ին կայանալիք աշնանային համապետական ծառատունկին ընդառաջ այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ տեղի է ունեցել նախապատրաստական աշխատանքների ամփոփում-քննարկում։
Նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը նախարարին են ներկայացրել ծառատունկի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Նախարարին են ներկայացվել ծառատունկի իրականացման համար նախատեսված տարածքների, մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխման վերաբերյալ մի շարք հարցեր։
Տեղեկացնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ, որի ընթացքում «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետությունում, «Արագածոտնի անտառտնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Թումանյանի անտառտնտեսություն» և «Սիսիանի անտառտնտեսություն»  մասնաճյուղերում անտառմշակույթների հիմնադրում տնկման միջոցով կտնկվի շուրջ 130 հա անտառ։
Ընտրված ծառատեսակները՝ սոճի, կաղնի, կեչի, թխկի, հացենի, թեղի, խնձորենի, արջատխիլ։
Անտառային կոմիտեի նախագահը նախարարին տեղեկացրել է նաև, որ 2022 թվականի աշնանային ծառատունկերի նախապատրաստական և տնկման  աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են և շարունակվելու են մինչև նախատեսված ամբողջ քանակի տնկումը։
Նախարարը խնդրել է գործընկերներին առավելագույն հետևողականություն ցուցաբերել և ապահովել ծառատունկի պատշաճ կազմակերպումը։ 
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ծառատունկի մասնակիցներին կտրամադրվեն տնկիները և համապատասխան պարագաները, կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը։
Ծառատունկի վերաբերյալ լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 651738։