ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.11.2022
Համապետական ծառատունկի ընթացքում հանրապետության տարածքում շուրջ 130 հա ծառատունկ իրականացվեց, տնկվեց 451 000 տնկանյութ

Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։ 
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվեց համապետական ծառատունկ, որի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորմամբ  ծառատունկի աշխատանքներ իրականացվեցին նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետությունում, «Արագածոտնի անտառտնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Թումանյանի անտառտնտեսություն» և «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։ 
Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճի, հացենի, թեղի, խնձորենի, թխկի, կաղնի, կեչի, արջատխիլ:
Համապետական ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակա ՊՈԱԿ-ներով, պետական գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգը՝ պարտավորվելով կրկնապատկել իր անտառածածկույթը մինչև 2050 թվականը և այս ծառատունկը ևս մեկ քայլ էր այդ օրակարգի շրջանակում։