ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.07.2021
Թափոնների երկրորդ կյանքը. ցուցահանդես «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ծրագրի շրջանակներում

Ս.թ. հուլիսի 15-ին, ժամը 11:00-15:00-ն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ), ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում տեղի է ունենալու «Թափոնների երկրորդ կյանքը» խորագրով բացօթյա ցուցահանդեսը: 
Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվելու են ծրագրի շրջանակներում իրականացված դասընթացների ընթացքում մասնակիցների կողմից թափոններից պատրաստված նոր իրերը, ինչպես նաև 10 համայնքներում գետերի հուների մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերված «գանձերը»: Ցուցահանդեսին ներկայացվելու են նաև շահառու համայնքներում մաքրման ընթացքում արված լուսանկարները: 
Հիշեցնենք, որ ապրիլ, մայիս և հունիս ամիսներին Գեղարքունիքի մարզի 10 համայնքից (Ծակքար, Լիճք, Արծվանիստ, Լուսակունք, Խաչաղբյուր, Կարճաղբյուր, Մարտունի, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ և Վարդենիկ) 253 բնակիչ մասնակցել է նշված համայնքների վարչական տարածքներով հոսող և Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին, որի արդյունքում հավաքվել է 229 364 կգ աղբ և 283 կգ վերամշակման ենթակա թափոն, որը տեղափոխվել է համապատասխան վերամշակման գործարաններ: Մաքրման աշխատանքները սկսելուց անմիջապես առաջ բոլոր մասնակիցներն անցել են՝ թափոնների հավաքի, վերամշակման, սորտավորման և այլ բնապահպանական թեմաներով դասընթացներ: 
 Ծրագրին աջակցող գործընկերներն են «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամը, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD) ՀԿ-ն և «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ն: