ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.06.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է շվեդական Սիդա (Sida) միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ


Հիշեցնենք, որ «Ստոկհոլմ+50. առողջ մոլորակ բոլորի բարգավաճման համար, մեր պատասխանատվությունը, մեր հնարավորությունը» խորագրով միջազգային միջոցառմանը մասնակցելու նպատակով  նախարարի տեղակալը գտնվում է Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ)։
Սիդա (Sida) միջազգային զարգացման գործակալության Արևելյան Եվրոպայի և Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի թեմատիկ աջակցության բաժնի ղեկավար Քրիստինա Դանիելսոնի և Լատինական Ամերիկայի և եվրոպայի բաժնի ծրագրերի ավագ համակարգող Յեն Յոհանսոնի հետ նախարարի տեղակալը քննարկել է Sida-ի հետ համագործակցության հնարավոր շրջանակներն ու ուղղությունները,  իրականացվելիք ծրագրերն ու հայ-շվեդական  համագործակցության հեռանկարները շրջակա միջավայրի ոլորտում։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Sida-ին շարունակական աջակցության համար՝ մասնավորապես անդրադառնալով  «Հզորացնել համայնքների դիմակայունությունը էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագրին (բյուջե՝ 1,1 մլն ԱՄՆ դոլար), որի շրջանակներում էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումները կարևոր են հատկապես խոցելի համայնքների համար և ունեն որոշիչ նշանակություն կանաչ վերականգնման համար:
«Հաշվի առնելով Ազգային մակարդակով սահմանված ներդրումների ներքո Հայաստանի հավակնոտ նպատակները կլիմայական օրակարգում` Շրջակա միջավայրի նախարարությունը բարձր է գնահատում այդ ոլորտում  Sida-ի աջակցությունը Հայաստանին»,- նշել է նախարարի տեղակալը։
 Հայաստանի և Շվեդիայի միջև առկա է անտառային ոլորտում համագործակցության մեծ ներուժ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ոլորտը երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել  Sida-ին 2004 թվականին անտառային օրենսդրության մշակման գործընթացի շրջանակում ցուցաբերած աջակցության համար և պատրաստակամություն հայտնել սերտացնել համագործակցությունը անտառների և կենսաբազմազանության ոլորտում։
Sida-ի ներկայացուցիչները հունիս ամսին Հայաստան այցի ընթացքում նախատեսել են այցելել Սյունիքի մարզ՝ անտառների ընձեռած հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով։
Անդրադարձ է կատարվել կոշտ թափոնների կառավարման ոլորտին։
Հայաստանը CEPA-ի համաձայնագրով («Հայաստան-ԵՄ. hամապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր») պարտավորվել է կատարելագործել թափոնների կառավարման համակարգը, մասնավորապես Հայաստանում ներդնել EPR (Արտադրողի ընդլայնված պատասխանատվության) համակարգը։ 
Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել թափոնների կառավարման ոլորտում իրականացվող ծրագրի ֆինանսավորման համար, որն իրականացվելու է Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից: Շուտով կստորագրվի եռակողմ հուշագիր Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի Ամերիկյան համալսարանի միջև։
 Քննարկվել է նաև ՀՀ Շրջակա միջավայրի և Շվեդիայի շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը համաձայնեցվել էր շահագրգիռ գերատեսչությունների հետ, ներկայացվել արտաքին գործերի նախարարություն՝ շվեդական կողմին փոխանցելու համար։
 Կողմերը քննարկել են նաև Սևանա լճին առնչվող EU4Sevan ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները, մասնավորապես՝ համայնքների հետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և կեղտաջրերի մաքրման նոր կայանների հիմնման, առկա կայանների արդիականացմանն ուղղված հարցեր։
Շվեդական կողմը տեղեկացրել է, որ հետաքրքրված է Սևանա լճի շուրջ համագործակցության կառուցմամբ, հատկապես կեղտաջրերի մաքրման հայեցակարգի և կայանների հիմնման ուղղությամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմել ճանապարհային քարտեզ և ըստ դրա առաջ շարժվել։
 Ստոկհոլմ այցի շրջանակում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է Շվեդիայի արտգործնախարարության և Կլիմայի ու Շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպված ընդունելությանը, որին ներկա է եղել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Ընդունելության ժամանակ քննարկվել է շրջակա միջավայրի ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ։