ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.11.2021
Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների հետ

Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը Գլազգոյում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի` #COP26-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի համագործակցության հարցերով տեղակալ տիկին Ուտե Կլամերտի, Կլիմայի և աղետների ռիսկերի նվազման ծրագրերի ղեկավար պարոն Լագանդայի և Ծրագրերի պատասխանատու տիկին Պերգոլինիի հետ։
Կողմերը քննարկել են ոլորտի առաջնահերթությունները և հնարավոր համագործակցության շրջանակը։
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակին՝ Հայաստանում պարենային անվտանգությանն առնչվող ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքի համար և կարևորել գործունեության շրջանակի ընդլայնումը։
Աննա Մազմանյանը խոսել է KfW-ի աջակցությամբ երկրում իրականացվող խոշոր ծրագրի մասին, որի բաղադրիչներից մեկն էլ միտված է բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում վարքագծի փոփոխությանը։
Այն իրականացվում է Սյունիքի մարզի համայնքներում։
Փոխնախարարը խոսել է կլիմայի փոփոխությանն առնչվող որոշումների և քայլերի մասին՝ հղում անելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին։ 
Աննա Մազմանյանը ներկայացրել է նաև Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված նախարարության ծրագրերը։
Հանդիպմանը քննարկվել  են Կանաչ Կլիմայի Հիմնադրամի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։
Աննա Մազմանյանը կարևորել է կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և դիմակայունության նպատակով կատարվող ներդրումները։
Հանդիպման ավարտին կողմերը ողջունել են նման երկկողմանի հանդիպումների գաղափարը և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակել խորհրդակցություններն ու տեղեկատվության փոխանակումը՝ ի նպաստ համատեղ իրականացվելիք ծրագրի մշակման` համաձայն երկրի կարիքների և առաջնահերթությունների: