ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.07.2021
Շնորհակալագիր և խորհրդանշական հուշանվեր՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի համար

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալագիր և խորհրդանշական հուշանվեր է հանձնել ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր կլիմայագետ Համլետ Մելքոնյանին՝ երախտագիտություն հայտնելով երկար տարիների բարեխիղճ աշխատանքի և նվիրման, հիդրոօդերևութաբանության և կլիմայագիտության բնագավառում գիտակիրառական գործունեության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար։
Պարոն Մելքոնյանը ոլորտում աշխատում է 52 տարի։
«Պատերազմով, հետպատերազմական բարդ շրջափուլով, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, վերջին շրջանում բարդ է դարձել բնականոն կենսագործունեությանը վերադառնալը և որևէ առիթով միմյանց շնորհավորելը, բայց պետք է շտկել մեր թիկունքը և վերագտնել խաղաղ արարման ճանապարհը,-իր ողջույնի խոսքում նշել է նախարարի պաշտոնակատարը,-պարոն Մելքոնյան, շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությունում հիդրոօդերևութաբանության և կլիմայագիտության ոլորտի կայացման և զարգացման կարևորագույն գործում Ձեր ունեցած նշանակալի ավանդի, ցուցաբերած մասնագիտական բարձր որակների, բարեխիղճ և գիտելիքահեն աշխատանքի համար։ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները պետք է մշտապես ոգեշնչվեն մեր փորձառու և վաստակաշատ ավագ գործընկերների օրինակով և այդ օրինակն աշխատանքային ուղենիշ դարձնելով ծառայեն պետությանը և երկրի շահերին»։
Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատանքի համար, պարոն Մելքոնյանը ներկայացրել է իր անցած աշխատանքային ուղին, խոսել իր գիտական գործունեության մասին, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում հիդրոօդերևութաբանության կայացման բարդ ընթացքի և վերջին տարիների կարևորագույն ձեռքբերումների ու տեխնիկապես հագեցած ու կայացած ինստիտուտ ունենալու մասին։ Նա կարևորել է նաև ոլորտը երիտասարդ մասնագետներով համալրելու խնդիրը և նշել, որ այսօր արդեն ոլորտը բանիմաց ու խելացի մասնագետների ձեռքում է։
Տված գիտելիքի, փորձի և ոլորտում ունեցած ավանդի համար երախտիքի խոսքով հանդես են եկել նաև Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը և ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, որոնք  պարոն Մելքոնյանի գործընկերները լինելուց զատ, նաև նրա ուսանողներն են եղել իրենց համալսարանական կրթության տարիներին։ 
Գնահատանքի խոսքով հանդես են եկել նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը։
«Պարոն Մելքոնյանի ձեռքբերումներից մեկը կարող ենք համարել, որ այսօր ոլորտի կարկառուն ներկայացուցիչներն իր սաներն են»,- նշել է նախարարի տեղակալը։
Միջոցառման ավարտին նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը Համլետ Մելքոնյանին է հանձնել շնորհակալագիր և փոքրիկ հուշանվեր՝ ի նշան խորին երախտիքի։