ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.11.2021
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և լճի անխոչընդոտ առողջացման ուղղությամբ քայլերը շարունակվում են

Նոյեմբերի 15-ից մեկնարկել են Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից՝ նոր ձեռքբերված հատուկ տեխնիկայով։ Այս պահին ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից մաքրման աշխատանքներ են ընթանում ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի տեղամասերում։
Ընթացքի մեջ է նաև Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի և թույլատրելի կառուցապատման 1905 մետր նիշից ցածր շենք-շինությունների ապամոնտաժումը։ Ապամոնտաժման և քանդման ենթակա շինությունների սեփականատերերից շատերը, ովքեր ավելի վաղ օրենքով սահմանված կարգով ծանուցվել էին իրականացվող գործընթացների մասին սեփական միջոցներով ապամոնտաժում են իրենց պատկանող կառույցները, գիտակցելով, որ սահմանված ժամկետի ավարտին դա անելու է պետությունը։
Առաջին փուլով ծանուցվել են շուրջ 60 տնտեսվարողներ։
Շրջակա միջավայրի նախարարությունը հաստատակամ է կենսական կարևորության այս ոլորտում կարգուկանոն հաստատելու հանձնառության մեջ։