ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.07.2023
Տեղի է ունեցել քննարկում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում սոճուտների անտառտնկարկներում ի հայտ եկած հիվանդության խնդրի վերաբերյալ

Հերթական քննարկումն է կայացել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում սոճուտների անտառտնկարկներում  ի հայտ եկած հիվանդության  վերաբերյալ
Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում սոճիների չորացման խնդիրը։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և այս ընթացքում իրականացված աշխատանքները։ Քննարկվել է հիվանդության դեմ պայքարի հրատապ միջոցառումների ճանապարհային քարտեզը և առկա միջազգային փորձը։
Նախարարը նշել է, որ յուրաքանչյուր փուլում որոշումների կայացման գործընթացում չափազանց կարևոր է ներառականության ապահովումը։
Հիշեցնենք, որ խնդիրը նկատվել է դեռևս 2017 թվականից: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը: 
Գույքագրման և հաշվեգնահատման արդյունքում պարզվել է, որ մեծ քանակ են կազմում նաև չորացման գնացող ծառերը՝ շուրջ 10.000 հատ: Հիվանդությունը տարածվում է մեծ արագությամբ:
Վարակված օջախներից, ծառերի բնափայտից ու հողից վերցված փորձանմուշներն ուսումնասիրվել են Գերմանիայի և Ռուսաստանի լաբորատորիաներում: 
Նախնական ուսումնասիրությունը փաստել է այդ տարածքում նեմատոդոզ հիվանդության առկայությունը: Եզրակացության մեջ այն նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում։