ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.11.2021
Նոյեմբերի 15-ից կմեկնարկի Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում անտառաշերտի մաքրման աշխատանքների նոր փուլը

Նախօրեին «Սևան» ազգային պարկ այցի շրջանակում նախարար Ռոմանոս Պետրոսյանը եղել է նաև ազգային պարկի Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիկ և Ծովինար տեղամասերում, որտեղ նոյեմբերի 15-ից վերսկսվելու են Սևանա լճի ափամերձ և սահմանված նիշից ներքև՝ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները նոր, ավելի հզոր տեխնիկական միջոցներով։ 
Նախարարը տեղում ծանոթացել է ձեռք բերված նոր տեխնիկային և այն տարածքներին, որտեղ մաքրման աշխատանքներ պետք է իրականացվեն։
Հիշեցնենք, որ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կապալառուի կողմից ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը գնահատվել էր ոչ արդյունավետ,  շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր խնդրո առարկա աշխատանքներն իրականացնել անմիջականորեն «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի միջոցով։
2021 թվականի պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 միավոր հատուկ տեխնիկա է ձեռք բերվել, ևս մեկ միավոր տեխնիկա առաջիկայում ձեռք կբերվի դրամաշնորհային միջոցներով՝ «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի շրջանակներում: 
2022 թվականին նախատեսվում է իրականացնել 155 հա ջրածածկ ու ջրածածկման ենթակա տարածքի մաքրում՝ «Սևան»  ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի տեղամասերում: