ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.12.2022
Քննարկվել են Սևանա լճում սիգի որսի արգելքի միջոցառումների ընթացիկ աշխատանքները

Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, ՀՀ Ոստիկանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։
Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումներն իրականացվում են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվում է դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են գերատեսչությունների կողմից իրականացված աշխատանքները և գույքագրված խնդիրները, ինչպես նաև վերահսկողության միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու քայլերը։
Զեկույցներով հանդես են եկել միջոցառումների իրականացման կողմ կառույցների ներկայացուցիչները, հնչեցրել իրենց տեսակետներն ու կարծիքները։ 
- Այսպիսով՝ դեկտեմբերի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում առգրավվել է 2075 հատ սիգ տեսակի ձուկ և 6.5 կգ ձկնկիթ։
- «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի կողմից լճից դուրս են բերվել մեծ թվով ձկնորսական ցանցեր։
- Նախապատրաստվում են նյութեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 89 հոդվածի հատկանիշներով՝ (թվով 3) և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 112.6 հոդվածի հատկանիշներով՝ (թվով 1)։