ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.09.2022
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել Սևանի ազգային տեսլականի ճանապարհային քարտեզի մշակման նախագծի քննարկում

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում իրականացվող Սևանի ազգային տեսլականի ճանապարհային քարտեզի մշակման նախագծի քննարկում։
Քննարկմանը մասնակցել են «Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Կարեն Մնացականյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ու շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Սևանա լիճն ունի մեծ բնապահպանական, պատմական, մշակութային և տնտեսական արժեք Հայաստանի համար, քանի որ հանդիսանում է կարևոր էկոհամակարգ, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրի և հիդրոէլեկտրականության արտադրության աղբյուր: Այն նաև կարևոր դեր ունի Հայաստանի բնակչության հանգստի կազմակերպման առումով: Միևնույն ժամանակ, վերջին տասնամյակների ընթացքում ինտենսիվ և ոչ կայուն օգտագործման արդյունքում զգալիորեն վատթարացել է ջրի որակը:
Լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումն, ինչպես նաև դրա պաշտպանությունն ու կայուն օգտագործումը կարևոր առաջնահերթություններ են ՀՀ կառավարության համար՝ կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտներում։
Հայաստանի կառավարությունն ընդունում է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման կարևորությունը և ավելի քան երկու տասնամյակ ներդրումներ է կատարում այդ նպատակով ինստիտուցիոնալ և օրենսդրական շրջանակի զարգացման, ինչպես նաև գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ:
Քննարկմանը ներկայացվել է հաշվետվություն Սևանա լճի ազգային տեսլականի երեք նախնական սցենարներ և իրականացված ուսումնասիրութուների վերաբերյալ։
Ներկայացված հաշվետվությունը կազմվել է «Էդվայզ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» ՍՊԸ-ի կողմից՝ EU4Sevan ծրագրի Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) բաղադրիչի շրջանակներում, որն իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ:
Ընկերության առաջադրանքն է Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականի մշակման նպատակով ճանապարհային քարտեզի իրականացումը և ներկայացված հաշվետվությունը հանդիսանում է առաջադրանքի երկրորդ արդյունքը, ըստ որի նախատեսված է ներկայացնել տեսլականի մշակման հիմքում ընկած արժեքները, 3-4 հավանական և համապատասխան սցենարները, ինչպես նաև ապագա օգուտների և կորուստների հետ կապված շահագրգիռ կողմերի ակնկալիքները և վերջինների պատկերացրած սպառնալիքներ:
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Ծրագրի նպատակն է՝ բարելավել Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությունը: Ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի նպատակն է՝ բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։ 
Ջրի և լճի տարածքի կառավարման բարելավումն առանցքային նախապայման է ջրավազանի արդյունավետ կառավարման և մշտադիտարկման համար, ուստի էկոհամակարգերի հետագա վատթարացումը նվազագույնի հասցնելու և համայնքների համար կայուն ապրելակերպի հնարավորությունների զարգացման նպատակով, ծրագիրը՝ որպես Սևանա լճի ավազանի արդյունավետ լանդշաֆտի պլանավորման և կառավարման և ոլորտային զարգացման գործընթացների ներդաշնակության ապահովման հիմք կձգտի կիրառել էկոհամակարգային մոտեցումը:
Ծրագիրն աջակցում է Սևանա լճի նոր երկարաժամկետ տեսլականի ձևակերպմանը, Սևանա լճի կառավարումն ապահովող քաղաքականությունների և կարգավորող շրջանակի համապատասխան թարմացմանը, որպեսզի հաշվի առնվեն վերջին 20 տարիների փոփոխությունները և դրանց դինամիկան, ինչպես նաև ներառվեն այնպիսի հավելյալ գործոններ, ինչպիսիք են էկոհամակարգերի խոցելիությունը կլիմայի փոփոխության նկատմամբ:
Հանդիպման ընթացքում ամրագրվել է, որ Սևանա լճի հետ կապված տարբեր շահերի և օգտագործման ձևերի միասնական կառավարման նպատակով կկազմակերպվեն համագործակցություն տարբեր շահագրգիռ կողմերի հետ, այդպիսով հավասարակշռելով տարբեր ընթացիկ տնտեսական և սոցիալական կարիքները բնության պահպանման երկարաժամկետ նպատակների հետ: