ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.10.2022
Հոկտեմբերի 19-ին կայացել է «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ և Հայաստանի Հանրապետությունում կանաչ ֆինանսավորման ճանապարհային քարտեզի ներկայացմանը նվիրված աշխատաժողովը

Սույն թվականի հոկտեմբերի 19-ին կայացել է «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» («Scaling up green finance practices in Armenia») դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ և Հայաստանի Հանրապետությունում կանաչ ֆինանսավորման ճանապարհային քարտեզի ներկայացմանը նվիրված աշխատաժողովը:
«Scaling up green finance practices in Armenia» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2020թ.-ի մայիսի 15-ին: Ծրագիրը նախաձեռնվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից, այն իրականացվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագրի հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում բարձրացնել կանաչ ֆինանսավորման ոլորտում փորձը և  կարողությունները:
Շրջակա միջավայրի նախարարությունը` որպես Կանաչ կլիմայի հիմնադրամի ազգային լիազոր մարմին, կարևորում է հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրերի արդյունավետ իրականացումը։  
Նշված ծրագրերը հնարավորություն են ընձեռում զարգացնել և ամրապնդել ազգային կարողությունները, որոնք էական դերակատարում ունեն Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման գործում։ 
Աշխատաժողովին մասնակցել են  Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը, Հայաստանի Հանրապետությունում կանաչ ֆինանսավորման ճանապարհային քարտեզը մշակող միջազգային և տեղական փորձագետները, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ Շրջակա միջավայրի նախարարությունից և այլ պետական գերատեսչություններից, բանկային ոլորտի և ֆինանսական կառույցների պաշտոնատար անձինք։
Առցանց ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն իր խոսքում կրկին կարևորել է դրամաշնորհային ծրագրին և դրա իրականացման գործընթացում մասնավոր հատվածի ներգրավվածությունը. 
«Կարծում եմ՝ ծրագիրը էական դերակատարում ունեցավ Հայաստանի Հանրապետության կլիմայական օրակարգի շուրջ մասնավոր հատվածի մոբիլիզացման գործում՝ ապահովելով ծրագրային հայտով նախատեսված արդյունքներ ծրագրի հիմնական շահառուների մասնակցությամբ»։
Աշխատաժողովին զեկույցով հանդես է եկել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը, ով ներկայացրել է «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի նպատակներն ու փաստացի արդյունքները։
Միջազգային և տեղական փորձագետները՝ Անդրեաս Բիեռմանն (բրիտանական Globalfields ընկերության զարգացման տնօրեն) ու Տիգրան Սուքիասյանը (ավագ խորհրդատու, կլիմայական փորձագետ), ներկայացրել են  Ծրագրի շրջանակներում մշակված «Հայաստանի Հանրապետությունում կանաչ ֆինանսավորման ճանապարհային քարտեզը»:
«Կանաչ ֆինանսավորման ճանապարհային քարտեզի ներկայացումը ևս մեկ կարևոր քայլ է կանաչ ֆինանսավորման մեխանիզմների ու գործիքների, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և վերջինիս տեղայնացման հնարավորությունները բացահայտելու գործընթացում: 
Հարկ է նշել, որ լավագույն արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցության ընդլայնում և ջանքերի միատեղում, ինչի արդյունքում հնարավոր դարձավ ապահովել «Scaling up green finance practices in Armenia» դրամաշնորհային ծրագրի արդյունավետ իրականացումը՝ միավորելով գործընկերների ներուժը, ռեսուրսները և գիտելիքները»,-նշել է նախարարի տեղակալը։
Աշխատաժողովն անցավ կառուցողական մթնոլորտում՝ հետագա շարունակական համագործակցության ակնկալիքով։