ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.03.2021
Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողները հյուրընկալվել էին Շրջակա միջավայրի նախարարությունում

Ողջունելով ուսանողներին նախարարությունում՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանը շեշտել է երիտասարդների դերի ու մասնակցության կարևորությունը էկոլոգիական դաստիարակության և երկրի առջև ծառացած բնապահպանական խնդիրների լուծման գործում: 
Հանդիպման ընթացքում նախարարը ուսանողներին է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության համակարգման տիրույթում գտնվող ոլորտները, նախարարության կառուցվածքը և գործառույթները, անդրադարձել ոլորտում իրականացվող բարեփոխումներին, գերակա խնդիրներին և առաջնահերթություններին։
Ուսանողների հետ հարցուպատասխանի միջոցով  անմիջական ու բովանդակալից զրույց է ծավալվել՝ Սևանա լճի հիմնախնդիրներից մինչև անտառկառավարման բարեփոխումներ, Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում էկոտուրիզմի բաղադրիչի ներդրումից մինչև հանքարդյունաբերություն ու կառավարելի բնապահպանական ռիսկեր։Անդրադառնալով ոլորտի հիմնախնդիրներին՝ նախարար Պետրոսյանը ներկայացրել է դրանց վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության դիրքորոշումն  ու մոտեցումները, լուծումներին ուղղված ծրագրերն ու քայլերը։
Նախարարը ուսանողներին է ներկայացրել հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ծրագրերը, խոսել Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի հետ վերջերս կնքված հուշագրի մասին, որի շրջանակում ուսանողերին հասանելի են դարձել ուսումնական և արտադրական պրակտիկայի ծրագրերը թե՛ նախարարության կենտրոնական ապարատում, և թե՛  հանրապետության ողջ տարածքով սփռված Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում (ԲՀՊՏ)՝ ազգային պարկերում, արգելոցներում, արգելավայրերում ու դենդրոպարկերում։
Արծարծվել են Շրջակա միջավայրի նախարարության համակարգում գործող առանձին կառույցների և մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր:
Քննարկվել են ուսանողության հետ կապերի ամրապնդման, էկոլոգիական դաստիարակության բարելավման և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հանդիպման ավարտին նախարարը քոլեջի գրադարանին է նվիրել ՀՀ բույսերի և կենդանիների կարմիր գիրք։Նախարար Պետրոսյանը  ևս մեկ անգամ կարևորել է  երիտասարդների դերը պետության և բոլոր ոլորտների կայացման գործում ու իր պատրաստակամությունը հայտնել աջակցել երիտասարդներին շրջակա միջավայրին առնչվող գործունեության ոլորտներում հնարավորություններն իրացնելու հարցում։Նախարարը հույս է հայտնել, որ նրանք իրենց կրթությունը և ներուժը  կծառայեցնեն Հայաստանի հզորացմանն ու առաջընթացին։