ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ՀՀ կառավարության պատվիրակության կազմում մասնակցում է Պրահայում տեղի ունեցող տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ՀՀ կառավարության պատվիրակության կազմում մասնակցում է Պրահայում տեղի ունեցող տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին։
Նիստի ընթացքում նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով՝ բարձր գնահատելով նստաշրջանի նշանակությունը համագործակցության նոր հնարավորությունների յուրացման և ընդհանուր տեսլականների ու նպատակների շուրջ նկրտումների համախմբման առումով։
Տիգրան Գաբրիելյանն անդրադարձել է հայ-չեխական համագործակցությանը շրջակա միջավայրի ոլորտում և հայտնել, որ մեր երկրների կառավարությունները նույն տեսակետն ունեն շրջակա միջավայրի պահպանության խնդիրների վերաբերյալ և երկուստեք դրանք դիտարկում են որպես բարձր առաջնահերթություն.
 «Կցանկանայի վերահաստատել մեր պատրաստակամությունը՝ ընդլայնելու մեր համագործակցությունն այս ոլորտում։ Հաշվի առնելով տնտեսական և բնապահպանական քաղաքականության ինտեգրման կարևորությունը՝ մենք կարծում ենք, որ լավագույն տնտեսական որոշումները միանշանակ ընդունվում են բնապահպանական բաղադրիչները հաշվի առնելուց հետո միայն»,-նշել է նախարարի տեղակալը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակում իրականացնել և համագործակցել առաջնահերթություն համարվող ուղղությունների շրջանակում՝ օգտագործելով բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի ֆինանսական աղբյուրները։
Փորձի փոխանակում և համագործակցություն կիրականացվի մասնավորապես՝ 
-Պահպանվող տարածքների և անտառների կառավարման, անտառապատման, անտառվերականգնման, անտառային հրդեհների կանխարգելման, անտառային ռեսուրսների պլանավորման և կառավարման, անտառների գույքագրման և տեղեկատվական համակարգերի ստեղծման,
-Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության,
-Թափոնների և վտանգավոր նյութերի կառավարման,
-Մթնոլորտային օդի պաշտպանության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում առկա լավագույն տեխնոլոգիական մեխանիզմների կիրառման մշակման,
-Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների իրականացման,
-Կեղտաջրերի մաքրման և դրանց երկրորդական օգտագործման.
-Շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգի կատարելագործման և արդիականացման
-Լքված հանքարդյունաբերական թափոնների կառավարման և վնասակար հետևանքների մեղմացման համար գիտելիքների և կարողությունների զարգացման,
-Բնապահպանական հարկերի և բնական ռեսուրսների օգտագործման վճարումների համակարգ ներդրման և այլ ուղղություններով։
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կարևորել է ապագայի բնապահպանական մարտահրավերներին դիմակայումը բազմակողմ համաձայնագրերին համահունչ: