ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.04.2022
Փոփոխություններ՝ ուղղված բնապահպանական հարկի նպատակային օգտագործմանը

Շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի գումարների նպատակային և հասցեական օգտագործման գործող համակարգի բարելավումը շարունակական գործընթաց է: «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքն ընդունվել է 2001թ., և ժամանակի թելադրանքով հարկ է առաջացել կատարել փոփոխություններ՝ կարգավորումները  համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Նախարարը նշել է, որ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերի արդյունավետության մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է սահմանել միջոցառումների առավելագույն հնարավոր հստակ ցանկ: 
Այն հնարավորություն կտա համայնքներին սահմանափակ ռեսուրսներով  մշակել և իրականացնել առավել նպատակային և հասցեական ծրագրեր:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: