ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.12.2021
Նախատեսվում է ընդլայնել ՊՈԱԿ-ների ղեկավարների թեկնածուների շրջանակը

Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին առաջին ընթերցումով քննարկել է ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
Գլխավոր քարտուղարի կամ վարչության պետի ու բաժնի պետի պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսված է հանրային ծառայության առնվազն 4 կամ 3 տարվա ստաժ: Պետական ծառայության համակարգում գլխավոր քարտուղարի, վարչության պետերի ու նրանց տեղակալների, բաժնի պետերի պաշտոնները, Գայանե Գաբրիելյանի խոսքով, համադրելի են ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի հետ և այդ պաշտոնում կարող են նշանակվել համապատասխան հմտություններ ունեցող այն անձինք, որոնց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով թույլատրվում է զբաղեցնել հանրային ծառայության ղեկավար պաշտոններ:
Գայանե Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց ևս մասնակցելու գործադիր մարմինների ընտրությանը:
Հաջորդ փոփոխությամբ պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը վարձակալության կտրվի ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ Կառավարության որոշմամբ հաստատված կարգով:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը նշել է, որ տեխնիկական շտկում է կատարվել պետական ոչ առտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը Կառավարության որոշմամբ հաստատված կարգով վարձակալության տալու կարգավորման առումով: Այդ կարգավորումն արդեն տեղ էր գտել 2020թ. հուլիսին կատարված փոփոխություններում: Իսկ հաջորդ փոփոխությունը նպատակ ունի ընդլայնել ՊՈԱԿ-ների ղեկավարների թեկնածուների շրջանակը: Գլխադասային հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն: