ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.10.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ներկայացրել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը հոկտեմբերի 25-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում ներկայացրել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը:
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում 1994 թ. ի վեր առաջին անգամ է կատարվում հիմնովին փոփոխություն: Այս պահին փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն միջազգային պարտավորությամբ, այլև արդիականացման անհրաժեշտությամբ:
Օրենքը հիմնովին լրամշակվել է: Ավելացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում օդի որակի գնահատման համար: Ավելացվել են նաև դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման, արտանետումների հաշվառման, լիազորությունների բաշխման և այլնի հետ:
Նախարարի տեղակալը  խոսել է նաև արտանետումների նվազեցման համար տնտեսվարողների մոտ նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտության մասին:
«Տնտեսական աճը չպետք է կանգնի մթնոլորտային օդի այս խստացումների արդյունքում, պարզապես կազմակերպությունները պետք է կարողանան այդ նոր տեխնոլոգիաները ներդնելով տնտեսական աճը չկանգնեցնելու միտում ունենան, սա է մեր հիմնական խնդիրը»,-ասել է նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով, որ օրենսդրական փաթեթով խստացվել է նաև վարչարարությունը և մեկ տավա ընթացքում կրկնակի խախտման դեպքում նախատեսվում է տնտեսվարողի գործունեության կասեցում, ինչը չկար նախկինում:
Օրենսդրական փաթեթով վարչական պատասխանատվություն է նախատեսվում արտադրության կամ սպառման թափոնները թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում այրելու համար: