ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.06.2022
Տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ քննարկում

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայից («Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացման գործընթացին հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին»)  բխող, Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ գործողությունների պլանավորման վերաբերյալ քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ, ԵՊՀ Էկոիրավունքի գիտաուսումնական կենտրոնի և հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ:
Հանդիպման հիմնական առանցքը Հայաստանի վերաբերյալ կոնվենցիայի կողմերի 7-րդ նստաշրջանում կայացրած VII/8a որոշման կատարման վերաբերյալ առաջարկություններն էին: Քննարկվել են ինչպես հասարակության մասնակցությունը շրջակա միջավայրի հետ կապված պլանների, ծրագրերի և քաղաքականության հետ առնչվող հարցերի լուծմանը, այնպես էլ հասարակության մասնակցությունն անմիջական կիրառման ուժ ունեցող  նորմատիվ ակտերի նախապատրաստման գործում: 
Կոնվենցիայի իրականացման մասնակցային գործընթացը կարևոր է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող գործողությունների վերաբերյալ որոշումների կայացման հարցում հասարակության ներկայացուցիչների մասնակցության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև արդարադատության մատչելիությունն ապահովելու առումով: