ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.06.2022
Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգման խորհրդի նիստը

Կայացել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի համակարգման խորհրդի նիստը։ Նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության / համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին, ԳՄՀԸ Հայաստան տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնստանտին Սոկուլսկին։ Խորհրդի նիստին ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և ևս մեկ անգամ կարևորել ծրագրի նշանակությունը Սևանա լճի համար։ «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի, գյուղատնտեսության, էներգետիկայի և տնտեսության այլ ճյուղերի զարգացումը սերտորեն կապված է Սևանա լճի ջրային ռեսուրսների օգտագործման հետ, հատկապես նրա քանակական և որակական հատկանիշների հետ: Հաշվի առնելով Սևանա լճի և դրա առափնյա գոտու բնապահպանական, սոցիալական, տնտեսական գործառույթների համալիր ու միասնական պլանավորման և իրականացման անհրաժեշտությունը՝ մենք չափազանց կարևորում ենք «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագիրը։ Ծրագրի իրականացումը օգնում է մեզ բացահայտել Սևանա լճի ներուժը, ինչպես նաև համադրել դրա շուրջ առկա օրակարգերն ու տեսլականները», - նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ առաջնահերթ խնդիր է ոչ միայն ծրագրով նախատեսված քայլերի հաջորդականության ապահովումը, այլև Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում նշանակալի արդյունքներ գրանցելը և ոլորտի հիմնովին բարեփոխումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր, և կրկին ընդգծվել է ծրագրի գործընկերների համագործակցության ներուժը: