ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.06.2022
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ամփոփվեցին Սևանա լճի հանրային 5 լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը

Մրցութային հայտերը քննելու նպատակով ձևավորված հանձնաժողովը նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ քննեց յուրաքանչյուր լոտի համար ներկայացված ներդրումային ծրագիր-նախագծերը։
Հանձնաժողովի անդամների և դիմումատուների ներկայությամբ բացվեցին ծրագրերի փաթեթները, որոնք ներկայացվել էին սոսնձված և փակ ծրարներով։
Հանձնաժողովը դիտարկեց դրանցից յուրաքանչյուրի համապատասխանությունը մրցույթի համար նախապես ներկայացված չափորոշիչներին։ Դրանք էին՝  համապատասխանությունը մրցույթի կարգով սահմանված պահանջներին և պայմաններին, առաջարկվող բարձր վճարի չափը, օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը), ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը), նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը), սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա), ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։
Հաղթող ճանաչված ներդրումային ծրագրերով հանրային լողափերից  մեկը գտնվում է Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սևան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում, իսկ երկրորդը՝ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի հարակից Սևան-Ճամբարակ ավտոմայրուղուց  մինչև լիճն ընկած ափամերձ հատվածում:
Հաղթող մասնակիցների հետ կկնքվեն պայմանագրեր։
Շնորհավորելով հաղթող ներդրումային ծրագրերի հեղինակներին, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հույս հայտնեց, որ տեսանելի ապագայում արդեն նկատելի կլինեն ծրագրերում նշված քայլերի իրականացման առաջին արդյունքները։ Նախարարի տեղակալը նաև խնդրեց լողափների հարակից համայնքների հետ սերտ կապ պահպանել՝ նպաստելով նաև այդ բնակավայրերի սոցիալական խնդիրների լուծմանը։
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ խստիվ պետք է պահպանել հանրային լողափներին առաջադրված պահանջները և հանրային լողափի ու լճափնյա հանգստի նոր նշաձող սահմանել, որն օրինակ կդառնա մյուս տնտեսվարողների համար, քանի որ այս գործընթացը  շարունակական է լինելու։