ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.06.2022
Կայացել է Սևանա լճի ավազանում առաջնային և հատուկ աղտոտիչների կանոնավոր մոնիթորինգի հիմնման և բարելավման կարիքների գնահատման վերաբերյալ աշխատաժողովը

Հունիսի 7-ին, Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» EU4Sevan ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետազոտական թիմի կողմից իրականացվել է Սևանա լճի ավազանում առաջնային և հատուկ աղտոտիչների կանոնավոր մոնիթորինգի հիմնման ու բարելավման կարիքների գնահատման վերաբերյալ աշխատաժողովը: 
Այն կազմակերպված էր EU4Sevan ծրագրի բաղադրիչ 1-ի շրջանակներում, որն ուղղված է Սևանա լճի ավազանում ջրի մոնիթորինգի և համապարփակ կառավարման կարողությունների բարելավմանը։ 
Աշխատաժողովին ներկա էին ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, ԳՄՀԸ EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտից եւ այլ գործընկեր կառույցներից պաշտոնյաներ, շահագրգիռ կողմեր եւ համայնքի բնակիչներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Ոսկեհատ Գրիգորյանը. 
«Սևանա լճի բնական ռեսուրսների նկատմամբ տարիներ շարունակ տարվող սպառողական քաղաքականությունը, ինչպես նաև բնապահպանական տեսանկյունից դրա ոչ արդյունավետ օգտագործումը հանգեցրել է լճի էկոհամակարգի բնական հավասարակշռության խախտման: Առաջացել են լճի որակական և քանակական հիմնախնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ ձեռնարկվել են բազմաթիվ քայլեր։ Որպես այդ հիմնախնդիրների բացահայտման, կարգավորման և կանխարգելման լավագույն գործիք մոնիթորինգի  համակարգն է»:
 Նա նաև նշել է, որ EU4Sevan ծրագրի առաջին արդյունք է սահմանվել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկումն ու կառավարման կարողությունների բարելավումը։ Այդ բաղադրիչի իրագործումը կօժանդակի Սևանա լճի ավազանի վիճակի մշտադիտարկման համար համապարփակ հայեցակարգի մշակմանը, մշտադիտարկման կայանների արդիականացմանն ու պահպանմանը, նոր սարքավորումներով և գործիքներով մշտադիտարկման ցանցի ու կարողությունների ընդլայնմանը, կնպաստի Սևանի ավազանի կանոնավոր մշտադիտարկման և ջրային ռեսուրսների կառավարման համար գիտական գնահատումների արդյունավետ օգտագործմանը, կդյուրացնի Սևանա լճի վերաբերյալ ընթացիկ նախաձեռնություններին և ծրագրերին առնչվող տեղեկատվության և գիտելիքների փոխանակումը։
Այս աշխատաժողովը հնարավորություն տվեց ներկայացնելու Սևանա լճի ավազանում թունաքիմիկատների և այլ վտանգավոր նյութերի վիճակի և դրանց կիրառման ուղղությամբ ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կողմից կատարված աշխատանքները և մոնիթորինգային կարողությունների զարգացման ճանապարհային քարտեզի նախնական տարբերակը։
Ներկայացվել են ու քննարկվել են Սևանա լճի ավազանում թունաքիմիկատների և այլ վտանգավոր նյութերի ժառանգությունը, դրանց մոնիթորինգային հնարավորությունների ներկա վիճակը, 2015-2022 թթ․ մոնիթորինգի արդյունքներ ու գնահատումը, ավազանում թունաքիմիկատների կիրառման վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները: 
ՀԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը խոսել է կատարված աշխատանքի մոնիթորինգային հնարավորությունների վերլուծություն և կարիքների գնահատումը՝ համաձայն ԵՄ 2008/105/EC դիրեկտիվի, ինչպես նաեւ Սևանա լճի ավազանում առաջնահերթ վտանգավոր նյութերի և որոշ այլ աղտոտիչների (համաձայն ԵՄ 2008/105/EC դիրեկտիվի) մոնիթորինգի իրականացման համար հզորությունների և ենթակառուցվածքների զարգացման առաջնահերթությունները և այլ թեմաներ: 
Ներկայացվել են նաև տվյալների համատեղ օգտագործելու, հասանելիությունը և կրկնօգտագործումը ապահովելու տարբերակները, ակադեմիական ինստիտուտների դերը օրգանական ցուցանիշների մոնիթորինգի և հարակից հետազոտությունների իրականացման գործում, համագործակցության   ինստիտուցիոնալացումը և այլ թեմաներ: