ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.03.2022
«Վաղ նախազգուշացում, վաղ գործողություններ» կարգախոսի ներքո հանդիսավոր կերպով նշվեց Օդերևութաբանության համաշխարհային և ՀՀ Օդերևութաբանի օրը

Կայացել է Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի, օդերևութաբանի օրերին նվիրված հանդիսավոր նիստ, որի ընթացքում ամփոփվել են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2021 թվականի գործունեության արդյունքները։ 
Հանդիսավոր նիստին ելույթներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը և Աննա Մազմանյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։
Շնորհավորելով գործընկերներին և շեշտելով օրվա խորհուրդը Լևոն Ազիզյանը կրկին անդրադարձել է կանխարգելման միջոցների և հարմարվողականության միջոցառումների իրականացման կարևորությանը.
«Միայն բարձր պատրաստվածության շնորհիվ կարելի է փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր և պաշտպանել վերջիններիս սեփականությունը: Ուստի, այս տարվա կարգախոսը մեկ անգամ ևս ընդգծում է հիդրոօդերևութաբանական տեղեկատվության և կանխատեսումների դերը աղետների ռիսկի նվազեցման գործում և կարևորում այն հիմնարար աշխատանքները, որոնք միտված են վաղ նախազգուշացման արդյունքում վաղ գործողությունների իրականացմանը։
Մեր օդերևութաբանների ամենօրյա անձնվեր աշխատանքի շնորհիվ hանրապետության ղեկավար մարմինները, ազգաբնակչությունը, ավիացիան, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի բնագավառների տնտեսվարող սուբյեկտները և այլ շահագրգիռ կազմակերպություններ իրազեկվում են հիդրոօդերևութաբանական երևութների վերաբերյալ փաստացի և սպասվող փոփոխությունների, ինչպես նաև հնարավոր հետևանքների մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ»։
Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն, ով համակարգում է ՊՈԱԿ-ի աշխատանքները, իր շնորհավորական ուղերձում շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց ու գործընկերներին, ում ջանքերի շնորհիվ ոլորտը զարգացում է ապրում.
«COVID-19 համավարակը մեծացրեց հասարակության առջև ծառացած մարտահրավերները և թուլացրեց պայքարի մեխանիզմները, բայց միևնույն ժամանակ նաև ցույց տվեց, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարի, աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման համար փոխկապակցված աշխարհում մեզ անհրաժեշտ է հենվել միջազգային մոտեցման վրա: Այս համատեքստում, օգտվելով առիթից, Շրջակա միջավայրի նախարարության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր միջազգային գործընկերներին, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին,   որոնց աջակցության շնորհիվ կյանքի են կոչվում այնպիսի ծրագրեր, որոնք նպաստում են երկրի կարողությունների զարգացմանն այս ոլորտում»,-նշել է նախարարի տեղակալը։
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը գործընկերներին է փոխանցել նախարար Հակոբ Սիմիդյանի շնորհավորական ուղերձը և շնորհակալություն հայտնել ոլորտի նվիրյալներին կատարած աշխատանքի համար.
«Մեկտեղելով մեր ջանքերը անտառպահպանման և վերականգման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, եղանակային ճշգրիտ կանխատեսումների գործում, վստահ եմ, որ միասին կարող ենք առաջընթաց արձանագրել ոլորտի խնդիրների լուծման ճանապարհին։
Ձեր կատարած աշխատանքի դերն ու նշանակությունը արագ փոփոխվող աշխարհում անգնահատելի է։ Մեր առջև ծառացած բազում հիմնախնդիրների լուծման բանալին հենց Ձեր ձեռքում է, սիրելի գործընկերներ»,-նշել է նախարարի տեղակալը։
Նախարար Հակոբ Սիմիդյանի անունից կազմակերպության զարգացման գործում ավանդ ունեցած և աշխատանքային պարտականությունները պատշաճ և բարեխղճորեն կատարած աշխատակիցներին խրախուսական պատվոգրեր են հանձնվել։