ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.03.2022
Անտառների միջազգային օրվան նվիրված միջոցառում Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում մասնակցել են Անտառների միջազգային օրվան նվիրված միջոցառման։
Ողջունելով ներկաներին նախարարի տեղակալը նախ շնորհավորել է անտառագետներին և ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և կարևորել նրանց առաքելությունն ու դերը անտառների կառավարման ու պահպանության գործում։
Նախարարի տեղակալը անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ՀՀ կառավարության հանձնառության շրջանակում առանձնացրել է հանրապետությունում էկոկրթական միջավայրի բարելավումն ու հասարակության էկոդաստիարակության մակարդակի բարձրացումը։ 
«Այս ուղղությամբ նշանակալի առաջնթաց եմ համարում 2021 թվականին Շրջակա միջավայրի նախարարության և Ագրարային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագիրը։
Անտառների կառավարման և անտառտնկման ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակա ստորաբաժանումներով կարիք ունի Ագրարային համալսարանից երիտասարդ մասնագետների ներգրավման, գիտակրթական, գիտահետազոտական, խորհրդատվական ծառայությունների և փորձի փոխանակման»,-նշել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ ներկաներին միավորում և առաջնորդում է անտառների պահպանության և վերականգնման միասնական տեսլականը և որ կատարվող օրենսդրական, ինչպես նաև շարունակական բարեփոխումների և բոլորի ջանքերի համատեղման միջոցով տեսանելի ապագայում մենք կհասնենք այդ նվիրական նպատակին։
Ելույթով հանդես է եկել նաև Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը։
Միջոցառման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով, որին հաջորդել է «համագործակցություն հանուն Հայաստանի անտառների կայուն կառավարման» թեմայով պանելային քննարկում։