ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.03.2022
Անտառների միջազգային օր

Մարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր»
Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես անտառագետի օր։
Առաջին անգամ Անտառների միջազգային օրը նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ։ 
Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ։
Անհնար է թերագնահատել անտառների կարևորությունը ողջ մոլորակի, մասնավորապես՝ մարդկության համար։ Անտառներն էկոլոգիական, սոցիալական և տնտեսական նշանակություն ունեն։ Դրանք մոլորակի կլիմայի ձևավորման, թթվածնի ապահովման, վնասակար արտանետումների հետևանքների մեղմման, ջրային պաշարների պահպանության, բուսական և կենդանական աշխարհի ու էկոհամակարգերի ձևավորման հիմնասյունն են:
Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը վերջին հաշվառման տվյալներով կազմում է  երկրի ընդհանուր մակերեսի 11.1%-ը։
ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները և անտառածածկ տարածքները։
Եվ այդ կարևոր գործում պետք է համախմբել բոլոր ջանքերը։