ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.03.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն այցելել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն այցելել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ և հանդիպում ունեցել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն իր ողջյունի խոսքում կարևորել է ՊՈԱԿ-ի դերն ու նշանակությունը շրջակա միջավայրի պահպանության, պետության և տնտեսության կայուն զարգացման հարցերում, ընդգծել է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներին համապատասխան հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքների տվյալների, կանխատեսումների և ծառայությունների տրամադրման կարևորությունը: 
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը ներկայացրել է 2021 թվականի գործունեության արդյունքները, հիմնական ձեռքբերումներն և առկա խնդիրները:
Քննարկվել են տեղեկատվական նոր տեխնոլոգիաների և ծրագրերի կիրարկմամբ անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման, տեղեկատվության հավաքագրման, կանխատեսումների համակարգի բարելավման հարցերը։ 
Արձանագրվել է, որ կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած տարբեր վարչական հասցեներում գտնվող ստորաբաժանումներին մեկ շենքում տեղակայման, օդերևութաբանական, հիդրոլոգիական մթնոլորտային օդի որակի և ստորեկրյա ջրերի դիտակայանների տեխնիկական արդիականացման, լաբորատորիայի շարունակական վերազինման և հավատարմագրման  հետ կապված հարցեր:
Քննարկվել են ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարները՝ կարևորելով գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման ոլորտում փոխգործակցային կապերի հաստատումը և զարգացումը, տարբեր դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածությունն այդ թվում Կլիմայի կանաչ հիմնադրամի, Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի և այլ  ծրագրերում:
Կարևորվել է «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի անձնակազմի մասշտաբային՝ բոլոր մակարդակներն ընդգրկող (ղեկավարներ, ինժեներական և տեխնիկական կազմ) ուսուցանման, կադրերի վերապատրաստման, փորձի փոխանակման, երիտասարդ հեռանկարային մասնագետների արտերկրի համալսարաններ, ակադեմիաներ և քոլեջներ գործուղման հարցերը:
Ափոփելով խորհրդակցությունը՝ Աննա Մազմանյանը մի շարք հանձնարարականներ է տվել և ներկայացրել առաջարկություններ՝ համակարգի զարգացմանն ուղղված խնդիրների լուծման նպատակով:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC