ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.03.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպում է անցկացրել անտառագետների հետ

Անտառագետի օրվան ընդառաջ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպում է անցկացրել անտառագետների հետ՝ քննարկելու առկա խնդիրները, ոլորտի համար կարևոր նշանակություն ունեցող ծրագրերն ու դրանց համատեղ կյանքի կոչման հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և նախարարության մասնագիտական ստորաբաժանման ներկայացուցիչներ։
Ողջունելով հյուրերին, նախարարի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել ոլորտի նվիրյալ մասնագետներին իրենց ամենօրյա աշխատանքի համար և մեկ անգամ ևս  կարևորել նրանց դերն ու մասնակցությունն անտառների կառավարման, անտառտնկման, անտառային մշակույթների նախագծման, ձևավորման և «10մլն» համազգային ծառատունկի  կյանքի կոչման աշխատանքներում։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ոլորտի մասնագիտական գիտելիքները դաշտային աշխատանքներում կիրառելու հնարավորությանը և այդ առումով շեշտել հատկապես երկարարմյա մասնագիտական փորձ ունեցող մասնագետների դերը։ 
«Անտառկառավարման ոլորտում խնդիրները բազմաթիվ են ու բազմաշերտ, և եթե մենք ուզում ենք բարձրակարգ մասնագետները ներգրավված լինեն դրանց լուծման գործընթացներում,անհրաժեշտ է առավել համակարգված կազմակերպել  պետական գերատեսչություններ, ուսումնական հաստատություններ և մասնավոր հատված համագործակցությունը»,- նշել է նախարարի տեղակալը։
Հանդիպմանը մասնագիտական քննարկում է ծավալվել անտառկառավարման ոլորտում առկա մարտահրավերների շուրջ, մասնագետների կողմից ներկայացվել են դրանց դիմակալելու եղանակներ և քննարկվել են լուծումների ճանապարհային քարտեզներ։
Հանդիպման ավարտին Արամ Մեյմարյանը կրկին շնորհակալություն է հայտնել մասնագետներին.
«Կարևորելով անտառագետների դերը պետության անվտանգության, տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցության ապահովման մեջ, շրջակա միջավայրի նախարարությունն այս տարի հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ և այսուհետ անտառի համաշխարհային օրը՝ մարտի 21-ը Հայաստանում կնշվի նաև որպես անտառագետի օր։ Սա ևս մեկ առիթ է մեր երախտագիտությունն հայտնել այն մարդկանց, ովքեր նվիրված են իրենց կոչմանը, առաքելությանը և մեր չքնաղ հայրենի բնությանը»,-նշել է նախարարի տեղակալը։