ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.03.2022
ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության 2021թ. կատարողականը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի հերթական նիստում ներկայացրել է 2021թ. նախարարության իրականացրած ծրագրերի կատարողականը: 
Նախարար Հակոբ Սիմիդյանը հայտնել է, որ նախարարությունը 2021թ. իր գործունեությունն իրականացրել է`  Կառավարության ծրագրով ամրագրված ոլորտի կառավարման 20 առաջնահերթ ուղղություններին համապատասխան:
Կառավարությունը հաստատել է «Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները», համաձայն որի` Հայաստանը պարտավորվում է մինչեւ 2030թ. ավելացնել անտառածածկը` Հայաստանի տարածքի 12.9 տոկոսի չափով,  ինչպես նաեւ նվազեցնել ջերմոցային գազերը 40 տոկոսով` 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ:
2021թ. մեկնարկել է Եվրամիության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող ԵՄ-ը Սեւանի համար (EU4Sevanե) Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 5,7 մլն եվրո է: Ծրագիրը միտված է բարելավել Սեւանա լճի ջրահավաք ավազանի ջրի էկոհամակարգը,  մշտադիտարկումն ու կառավարումը: Շուրջ 132 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ձեռք բերված տեխնիկայի շնորհիվ 2021թ. 4,18 հա տարածքի վրա իրականացվել են Սեւանա լճի ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներ:
Նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է նաեւ նախարարության իրականացրած մյուս աշխատանքները: