ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.03.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության «Անտառային կոմիտեի» նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հանդիպում են անցկացրել «Էյ Թի Փի» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության «Անտառային կոմիտեի» նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հանդիպում են անցկացրել «Էյ Թի Փի» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը քննարկվել են անտառածածկ տարածքների ավելացման և անտառվերականգնման ոլորտում ՀՀ կառավարության հանձնառության շրջանակում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։
Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը խոսել է  անտառպահպանման, անտառվերականգնման և անտառպաշտպանության ուղղությամբ իրականացվող ծրագրերի, մասնավորապես «10մլն» ծառ համազգային ծառատունկի կարևորությունից։
«Անտառը շրջակա միջավայրի այն կարևորագույն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։ Ծառ տնկելը և խնամելը, ամենաշնորհակալ գործն է, որ մենք կարող ենք անել մեր երկրի և ապագա սերունդների համար։ Եվ այս կարևոր գործում որքան հնարավոր է արդյունավետ պետք է համատեղել պետական գերատեսչությունների և մասնավոր կազմակերպությունների ջանքերը»,-նշել է նախարարի տեղակալը։
«Էյ Թի Փի» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են հիմնադրամի գործունեությունը։
«Էյ Թի Փի»-ի նպատակն է ծառերի միջոցով բարելավել հայ ժողովրդի կենսամակարդակն ու պահպանել շրջակա միջավայրը։ Այն կանաչապատել է ավելի քան 1200 համայնք Հայաստանում, ծառատունկեր է  իրականացնում Հայաստանի բոլոր մարզերում, ներառյալ Արցախում։
Անդրադարձ է կատարվել  նաև հիմնադրամի կողմից իրականացվող կրթական ծրագրերին. ավելի քան 57000 աշակերտ և ուսուցիչ մասնակցել են «Էյ Թի Փի»-ի կրթական ծրագրերին։
Կողմերը քննարկել են ընթացիկ խնդիրներ, համագործակցության տարբեր ձևաչափեր և նախագծեր՝ հղում կատարելով այն ընդհանուր արժեքներին, որոնց վրա հիմնված է նախարարության և հիմնադրամի փոխգործակցությունը։