ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.03.2022
Մեկնարկել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կողմից Հայաստանի երկրորդ Բնապահպանական կատարողականի ակնարկի (Environmental Performance Review) կազմման շրջանակում ԵՏՀ միջազգային փորձագետների առաքելության այցը Հայաստան

Այսօր մեկնարկել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կողմից Հայաստանի երկրորդ Բնապահպանական կատարողականի ակնարկի (Environmental Performance Review) կազմման շրջանակում ԵՏՀ միջազգային փորձագետների առաքելության այցը Հայաստան։
Այցի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը ներկա են գտնվել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից և հասարակական սեկտորից ներկայացուցիչներ։
Ողջունելով միջազգային փորձագետներին Հայաստանում, նախարարի տեղակալն իր գոհունակությունն է հայտնել փորձագիտական թիմի լայն և ներառական շրջանակի վերաբերյալ։
Նախարարի տեղակալը կարևորել է առաջիկա օրերին հայ մասնագետների հետ համատեղ փորձագետների կողմից իրականացվող աշխատանքները և շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել այդ թե՛ մարդկային ռեսուրսով, թե՛ նյութատեխնիկական հնարավորություններով, և թե՛ մասնագիտական գիտելիքներով։
Աննա Մազմանյանն իր ելույթում անդրադարձել է նախորդող շրջանում Հայաստանի համար բարդ մարտահրավերներին՝ պատերազմի և հմավարակի տեսքով, և հավելել, որ չնայած շարունակաբար հաղթահարվող դժվարություններին, շրջակա միջավայրի ոլորտի կայուն կառավարումն ու դինամիկ զարգացումը ՀՀ Կառավարության համար շարունակում է առաջնահերթություն մնալ։
«Մեր կառավարությունը, և ի մասնավորի շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է հավատարիմ մնալ ոլորտում բարեփոխումների կյանքի կոչման իր հանձնառությանը և միջազգային կոնվենցիաներով ու պայմանագրերով ստանձնած պարտավորություններին։ Մենք շարունակում ենք առաջ շարժվել բնապահպանական օրակարգով»,-նշել է նախարարի տեղակալը։
Աննա Մազմանյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնագետներին և հաջողություն մաղթել։
Ելույթով հանդես է եկել նաև շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը և ներկայացրել շրջակա միջավայրի ոլորտի օրենսդրական, ռազմավարական և ինստիտուցիոնալ շրջանակը։