ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.03.2022
Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանի վերանայված տարբերակի հանրային լսում

Այսօր կայացել է Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանի վերանայված տարբերակի հանրային լսումը։ 
«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ներքո «Գեոինֆո» ՍՊԸ-ի կողմից իրականացվում է Հարավային և Արարատյան ջրավազանային կառավարման տարածքների համար կառավարման պլանների վերանայման և թարմացման աշխատանքներ: Սույն քննարկումը կազմակերպվել էր Հարավային ջրավազանային կառավարման պլանի վերանայված աշխատանքների ներկայացման և  քննարկման նպատակով։ 
Քննարկմանը ելույթով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը՝ կարևորելով հանրային լսումների դերը։
«Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը»,-նշել է նախարարի տեղակալը:
Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանում վերանայվել են սահմանված բնապահպանական թողքի արժեքները՝ համաձայն նոր մեթոդաբանության: Հարավային ջրավազանային կառավարման պլանը լրացվել է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների մասին» N 64-Ն որոշմամբ հաստատված պահպանման տարածքներով և նիտրատների նկատմամբ խոցելի տարածքներով:
Պլանով գնահատվել է ջրավազանային կառավարման տարածքի ջրային հաշվեկշիռը և  վերահաշվարկվել են ջրառաջարկը և ջրապահանջարկը: 
Ջրավազանային կառավարման պլանը  ջրավազանային կառավարման համապարփակ փաստաթուղթ է, որը նկարագրում է ջրավազանում իրականացվելիք կառավարման և պահպանության այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են ՀՀ ջրային օրենսգրքի նպատակների իրականացման համար: ՀՀ ջրային օրենսգրքի նպատակներից մեկն է օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարման, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովումը: