ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.03.2022
«Տարածելով պաշտպանության թևերը» խորագրով սեմինար-քննարկում խորհրդարանում

ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվող ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում խորհրդարանում տեղի է ունեցել «Տարածելով պաշտպանության թևերը» խորհրդանշական խորագիրը կրող սեմինար, որի հիմնական թեման ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն է բնության պահպանության ոլորտում:
Սեմինարին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը, ներկայացուցիչներ օրենսդիրից և գործադիրից, Եվրոպական միությունից, ՀՀ-ում հավատարմագրված արտակարգ և լիազոր դեսպաններ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և փորձագետներ:
2020թ. դեկտեմբերից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվում է «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագիրը, որի շրջանակում բավականին աշխատանքներ են տարվել խորհրդարանի աշխատակիցների վերապատրաստման, Հունաստանի խորհրդարանական փորձին ծանոթանալու ուղղությամբ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, կարևորելով նմանատիպ սեմինարների, քննարկումների անցկացումը, ընդգծել է նախատեսվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:
Չեխ պատգամավորներն ու մասնագետները ներկայացրել են բնության և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ԵՄ թռչունների և բնության միջավայրի վերաբերյալ դիրեկտիվների իրականացման իրենց փորձը, ԵՄ դիրեկտիվների գործնական ազդեցությունը բնության պահպանման վրա, ինչպես նաև ԵՄ բնության պահպանության կանոնակարգի կարևորությունը: