ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.05.2022
Մեկնարկել է «Վտանգավոր քիմիական նյութերի արտահանմանն ու ներմուծմանը վերաբերող ԵՄ կանոնակարգին ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը» ԹԱՅԵՔՍ աշխատաժողովը

Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի նպատակն է տրամադրել խորհրդատվություններ և առաջարկություններ վտանգավոր քիմիական նյութերի ներմուծման և արտահանման կանոնների և կանոնակարգերի սահմանման վերաբերյալ։
Փորձագիտական առաքելությունը կկենտրոնանա Եվրոպական միության անդամ երկրների առաջատար փորձի փոխանակման և քաղած դասերի վրա՝ վտանգավոր քիմիական նյութերի արտահանման ու ներմուծման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի և խորհրդի 2012 թվականի հուլիսի 4-ի թիվ 649/2012 կանոնակարգին ՀՀ օրենսդրության համապատասխանեցման նպատակով։
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ևս մեկ անգամ կարևորել է այն օրակարգը, որի շուրջ անցկացվելու են քննարկումները.
«Մեր եվրոպացի գործընկերները սիրով Հայաստանի Հանրապետությանն են տրամադրում ԹԱՅԵՔՍ-ի գործիքը և մեր երկիրն էլ իր կողմից պետք է ցույց տա ու կարողությունների զարգացման միջոցով ապացուցի, որ մեզ համար այսքան կարևոր աջակցությունը մենք կարող ենք ընդունել և ծառայեցնել ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի շրջակա միջավայրի։
Աշխատաժողովը թույլ կտա հասկանալ ԹԱՅԵՔՍ գործիքի բոլոր կարևոր առավելությունները, որոնք մենք կարող ենք օգտագործել ի նպաստ ոլորտային օրենսդրության բացերի շտկման»,-նշել է նախարարի տեղակալը։