ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.12.2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը դեկտեմբերի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների` մեծ, միջին եւ փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների եւ մոպեդների ներմուծման եւ օտարման համար գործող արտոնության ժամկետը: 
«Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ` մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը»,-տեղեկացրել է նախարարի տեղակալը:
Նախարարի տեղակալի  խոսքով` 2019 թվականի հուլիսի 1-ից Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունն ուժի մեջ մտնելուց հետո հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ միջավայր` էլեկտրամոբիլների ձեռքբերման, ինչպես նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման համար:
«2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 5291 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց: 2019-ին` 668, 2020-ին` 2055 և միայն 2021-ի առաջին կիսամյակում` 2468: Իսկ 2018-ին` ընդամենը 12 էլեկտորմոբիլ»,-նշել է Գայանե Գաբրիելյանը:
Նրա տեղեկացմամբ` Հանրապետությունում ավելանում են լիցքավորման կայանները, տեղադրվել  և շահագործվում է շուրջ 45-ը:
Նշվել է, որ ներկայում Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից  ևս մեկնարկել է «Հայաստանում անցում էլեկտրական շարժիչով մեքենաներին» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Կառավարության համար ձեռք բերել 1 տասնյակից ավելի էլեկտրամոբիլներ եւ դրանց լիցքավորման կայաններ:
Գլխադասային` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը: