ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.03.2022
Նվազեցնել տրանսպորտի ոլորտում ջերմոցային գազերի արտանետումները

Կայացել են «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի Մեկնարկային աշխատաժողովը և Կառավարման խորհրդի անդրանիկ նիստը։
«Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից՝ համաձայն «ԲԾԻԳ» ՊՀ-ի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի միջև կնքված պայմանագրի։
Ծրագրի տևողությունը 3 տարի է։ Վերջինիս նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները տրանսպորտի ոլորտում՝ խթանելով անցումը էլեկտրական շարժունակությանը։ Ծրագիրն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ֆինանսավորմամբ, ինչպես նաև ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ։
Ծրագիրը բաղկացած  է 3 բաղադրիչներից, որոնք ներկայացված են ստորև՝
Բաղադրիչ 1. Ցածր ածխածնային շարժունակության ինստիտուցիոնալիզացում և ռազմավարական պլանավորում,
Բաղադրիչ 2. Կարճաժամկետ արգելքների վերացում ցածր ածխածնային էլեկտրական շարժունակության ցուցադրական ծրագրերի միջոցով,
Բաղադրիչ 3. Քաղաքականության մշակում պիլոտային ծրագրի փորձի հիման վրա՝ ցածր ածխածնային էլեկտրական շարժունակության ընդլայնման և վերարտադրելիության ապահովման նպատակով։