ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.11.2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը

Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախ շնորհավորել է տիկին Նացվլիշվիլիին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ համագործակցության արդյունքում կհաջողվի ՄԱԶԾ-ի հետ Շրջակա միջավայրի նախարարության լավ և արդյունավետ հարաբերությունների նշաձողը մի քանի աստիճան ավելի բարձրացնել։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն համատեղ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստել են ինչպես բնապահպանական ուղղվածության կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, այնպես էլ ազգային օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործմանը: Իրականացվել են նաև մի շարք պիլոտային ծրագրեր:
ՄԱԶԾ երկրի ծրագրի փաստաթղթի հիմնական նպատակն է նպաստել կայուն զարգացմանը, ի թիվս այլնի խթանելով «կանաչ» և կայուն սկզբունքները, ներառյալ էներգաարդյունավետություն, վերականգնվող էներգետիկա, աղետների ռիսկերի մեղմում և կլիմայի փոփոխություն, որոնք միտված են շրջակա միջավայրի կայունության և դիմագրավման ընդունակության բարձրացմանը և բնական պաշարների բանական օգտագործմանը։  
Ներկայումս նախարարության համակարգմամբ ՄԱԶԾ կողմից իրականացվում են հետևյալ ծրագրերը, որոնց և անդրադարձ է կատարվել հանդւպման ընթացքում։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրին։ Ծրագրի նպատակն է ընդլայնել Հայաստանում շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումները, նվազեցնել դրանց ռիսկերը՝ խրախուսելու համար մասնավոր հատվածի ներդրումներն ու նվազեցնելու վառելիքային աղքատությունը: 
Քննարկվել է «ԵՄ-ն կլիմայի համար» (տարածաշրջանային) ծրագիրը։ Այն աջակցում է Արևելյան գործընկերության երկրների՝ կլիմայի քաղաքականության մշակմանն ու իրականացմանը՝ նպաստելու արտանետումների նվազմանն ու կլիմայի կայունացմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրով սահմանված պարտավորությունների։
Անդարադարձ է կատարվել «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրին։ Ծրագրի 5-րդ Արդյունքն իրականացվում է ՄԱԶԾ կողմից՝ Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը բարելավելու նպատակով։ Նախարարության առաջարկով տեղի է ունեցել փոփոխություն  5.4 արդյունքի ներքո և ընթանում են Սևան ԱՊ-ի համար տեխնիկայի ձեռքբերման աշխատանքները։ 
Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը, ինչպես նաև հստակ քայլեր ձեռնարկել շրջակա միջավայրի արդյունավետ կառավարմանը նպաստող և բնապահպանական շահերից բխող նախագծերի շուտափույթ իրականացման ուղղությամբ։