ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.11.2021
Ահազանգ՝ սոցիալական ցանցերում բնապահպանների և քաղաքացիների կողմից Երևանյան լճի աղտոտվածության վերաբերյալ

Սոցիալական ցանցերում բնապահպանների և  քաղաքացիների կողմից Երևանյան լճի աղտոտվածության շուրջ  ահազանգի վերաբերյալ ցանկանում ենք հայտնել, որ  Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված «Երևանյան լճի և Հրազդան գետի առափնյա տարածքների մաքրման աշխատանքներ» բնապահպանական ծրագիրը՝ 60.4 մլն դրամ գումարի շրջանակներում։
Ծրագրի  ընդհանուր գումարը կազմում է մոտ 113 մլն դրամ։ 
Միջոցառումն արդեն իսկ ներառված է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի «Բնապահպանական ծրագրերի իրականացում համայքներում» ծրագրի շրջանակներում, և այն կմեկնարկի 2022 թվականին։
Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի կիրճի  էկոլոգիական վիճակը՝ դարձնելով այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ռեկրեացիոն գոտի։
Ծրագրի իրականացման նապատակներն են՝
   - նվազեցնել կենցաղային թափոնների հետագա մուտքը Հրազդան գետ և Երևանյան լիճ,
   - նվազեցնել աղտոտվածության մակարդակը,
   - կանխարգելել աղտոտվածության տարածումը։

Հարգելի՛ քաղաքացիներ, իհարկե շատ կարևոր է դեպքերի արձանագրումն ու բարձրաձայնումը, սակայն, պակաս կարևոր չէ սեփական վարքով չնպաստել վիճակի վատթարացմանը։ Հարկավոր է ավելի հոգատար ու պատասխանատու վարք դրսևորել բնության և շրջակա միավայրի հանդեպ։

Լուսանկարները՝ Սամվել Պիպոյանի