ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.04.2022
Շրջակա միջավայրի նախարարության Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը մասնակցել է Համաեվրոպական տարածաշրջանային նախապատրաստական աշխատաժողովին

Շրջակա միջավայրի նախարարության Ջրային քաղաքականության վարչության պետ, «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար-ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի ազգային համակարգող Լիլիթ Աբրհամյանը ապրիլի 12-13-ն ընկած ժամանակահատվածում Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Համաեվրոպական տարածաշրջանային նախապատրաստական աշխատաժողովին` ուղղված 2023 թվականի մարտի 22-24-ին Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Ջրային համաշխարհային համաժողովին։ 
ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի(ԵՏՀ) տարածաշրջանային նախապատրաստական հանդիպումը նպատակ ուներ աջակցելու մինչև 2030թ. «Ջուր հանուն կայուն զարգացման» օրակարգի իրականացման ապահովմանը՝ հաշվի առնելով վերջին տասնամյակում տարբեր տարածաշրջանային հարթություններում իրականացված գործողությունները, ինչպես նաև նյութեր նախապատրաստելու համաշխարհային համաժողովի համար։ 
Լիլիթ Աբրհամյանը հանդես է եկել «Ջրային ոլորտում ազգային քաղաքականության երկխոսության դերը՝ Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակներին հասնելու գործում» թեմայով զեկույցով։ Զեկույցում նշվել է, որ Հայաստանում Ջրային ոլորտում ազգային քաղաքականության երկխոսության հիմնական նպատակն է օգնել հասնելու ջրի հետ կապված Հազարամյակի զարգացման նպատակներին(ՀԶՆ) և Կայուն զարգացման նպատակներին(ԿԶՆ)։ 
Երկխոսության Ֆինանսավորման հիմնական աղբյուրը Եվրամիությունն է, հիմնական գործառնական գործիքը՝ ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվը, իսկ Հայաստանում Ջրային ոլորտում ազգային քաղաքականության երկխոսության իրականացման համար որպես ռազմավարական գործընկերներ հանդես են եկել ՄԱԿ-ի ԵՏՀ-ն և Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպությունը(ՏՀԶԿ)։ Ներկայացվել են նաև երկխոսության շրջանակներում ՀՀ ջրային ոլորտում գրանցված առաջընթացները, վեր հանված խնդիրները և ակնկալիքները։
Աշխատաժողովի ընթացում քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ՝

  • Մատչելիության և անվտանգության ապահովում - խմելու ջուր և սանիտարական պայմաններ բոլորի համար,
  • Ջրերի աղտոտվածության, էկոհամակարգերի պահպանման խնդիրների լուծում և կենսաբազմազանության ու շրջանաձև տնտեսության քաղաքականություն,
  •  Ջրային ռեսուրսների կառավարման ուժեղացում ազգային և անդրսահմանային մակարդակներում,
  •  Կլիմայի հարմարվողականության ամրապնդում, ջրհեղեղների և երաշտի ռիսկերի նվազեցում և ջրօգտագործման ոլորտների միջև համագործակցության ամրապնդում,
  •  Ստորերկրյա ջրերի մասին գիտելիքների բարձրացում, կառավարման բարելավում - ստորերկրյա ջրերը և դրանց պաշտպանությունը,
  • Գործընկերությունների, ֆինանսավորման, տվյալների միջոցով առաջընթացի գրանցում - գիտական հետազոտություններ և նորարարություններ: