ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.04.2022
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են դպրոցականների հետ հանդիպումները

Էկոլոգիական դաստիարակության ոլորտում իրականացվող աշխատանքներն առաջ մղելու, ինչպես նաև հանրապետությունում էկոկրթության մակարդակի բարձրացման նպատակով շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են դպրոցականների հետ հանդիպումները։
Այսօր նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն հյուրընկալել էր Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արթուր Վանոյանի անվ. համար 6 ավագ դպրոցի աշակերտներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, ինչպես նաև արժեքային համակարգի և վարքագծի կողմնորոշմանն ու էկոլոգիական մշակույթի ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր։
Աշակերտները նախարարի տեղակալին են ներկայացրել իրենց ստեղծած «Bemade» էկոպայուսակների արտադրանքը, խոսել ապրանքանիշի ստեղծման և առաջմղման մասին։ Էկոպայուսակների հեղինակները փոխնախարարին տեղեկացրել են, որ ապրիլի 22-ին դպրոցում նախատեսում են պայուսակների ցուցադրություն-վաճառք՝ պոլիէթիլենայի տոպրակներից հրաժարվելու և կտորե տոպրակների կիրառումը վարքագիծը քաջալերելու նպատակով։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը անդրադարձել է նաև բնապահպանական խնդիրներին և դրանց լուծման ճանապարհներին.
«Շրջակա միջավայրի խնդիրների պատճառներից մեկը հասարակական էկոլոգիական գիտակցության ու բնապահպանական վարվելաձևի խիստ ցածր մակարդակն է։ Այդ բացը պետք է լրացնել հենց նման նախաձեռնություններով և շրջակա միջավայրի հանդեպ առանձին անհատների, մարդկանց խմբերի և ողջ հասարակության վարքագծի նոր մոդելներ մշակելու միջոցով»,-նշել է Աննա Մազմանյանը։