ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.11.2021
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն միացավ «10 միլիոն ծառ» նախաձեռնությանը և ֆինանսավորեց 1 հա մակերեսով անտառհիմնման հետ կապված ծախսերը

Շրջակա միջավայրի նախարարությունը, կարևորելով բնության հանդեպ բնակչության պատասխանատվության բարձրացման հարցը «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում, ամիսներ առաջ հանդես էր եկել համագործակցության առաջարկով:
Նախարարությունը հանդիպում էր նախաձեռնել, որին ներկա էին հայաստանյան մեկ տասնյակ բանկերի ներկայացուցիչներ և առաջարկել միանալ համազգային ծառատունկի նախաձեռնությանը՝ իրենց լուման ներդնելով Հայաստանի կանաչ ապագայի կերտման շնորհակալ գործում։
Համագործակցության առաջարկին առաջինն արձագանքողներից էր «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն։
Եվ ահա, նոյեմբերի 14-ին՝ համապետական ծառատունկի օրը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավար կազմն ու աշխատակիցները գործնական ներդրում ունեցան «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում և տնկեցին 3000 տնկի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում՝ հիմնելով 1 հա մակերեսով անտառ: 
Ծառատունկին էր միացել նաև Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախարարության աշխատակիցների հետ: 
Իր շնորհակալական խոսքում նախարարն առանձնահատուկ ընդգծել է պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը, շրջանառու տնտեսության սկզբունքների ներդրմանը և կանաչ աշխատատեղերի ստեղծմանը:
««ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, կարևորելով սոցիալական պատասխանատվության և բնության պահպանման  մեծ դերը, առաջինն է արձագանքել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցության առաջարկին: Մեզ համար կարևոր է ինչպես անտառի հիմնումը, այնպես էլ դրա հետագա խնամքն ու պահպանումը: 
Կանաչ ֆինասավորումը Բանկի ռազմավարական ուղղություններից է, ուստի Բանկի մասնակցությունը նման միջոցառումներին կրելու է շարունակական բնույթ: Բանկի տնօրինությունը գիտակցում է, որ  ՀՀ պետականաշինության գործում բացառիկ է պետություն-մասնավոր ոլորտ համագործակցությունը, ինչն արտացոլվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ իրականացված այլ նախագծերում»,- նշել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը:
Այս միջոցառումը պետություն-բիզնես համագործակցության լավագույն օրինակ էր:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, կարևորելով սոցիալական պատասխանատվությունը և լինելով առավել հոգատար ու սրտացավ հայրենի բնություն նկատմամբ, իր լավ օրինակով մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ավելի պատասխանատու կառավարման ներքո շրջակա միջավայրի կայուն զարգացման ապահովմանը հասնելու համար հաջողությունը մեր բոլորինն է, առաջին հերթին՝ ՀՀ քաղաքացունը: