ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.10.2021
ԱՊՀ երկրների անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 21-րդ նիստը կանցկացվի Հայաստանում

Տեսակոնֆերանսի միջոցով կայացավ ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհուրդի 20-րդ նիստը:
Նիստին մասնակցում էին միջկառավարական խորհուրդի պատվիրակությունների անդամները, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՊՀ անտառային համակարգի արհմիությունների ֆեդերացիան:
Նիստի բացումը կատարեց խորհուրդի նախագահ, շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանը: 
Ողջույնի խոսքով հանդես եկան շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը և ԱՊՀ անտառային համակարգի արհմիությունների ֆեդերացիայի նախագահը։
Նիստի ընթացքում քննարկվեցին անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհուրդի 2017-2021թթ. գործունեությունը, ինչպես նաև համագործակցության մինչև 2025թ. գործողությունների պլանի առաջին փուլի (2016-2020թթ.) կատարման արդյունքները:
Քննարկվեցին նաև ԱՊՀ տարածքում անտառտնտեսության զարգացման, անտառային հրդեհների կանխարգելման ու մարման, անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացման, կադրերի վերապատրաստման և այլ հարցեր։
Որոշվեց ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհուրդի 21-րդ նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում և շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր  Պետրոսյնին, հերթական ժամանակահատվածի համար, հաստատել որպես Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի նախագահ: