ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.05.2022
Անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության պահանջներին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն այսօր Ազգային ժողովում առաջին ընթեցմամբ քննարկման է ներկայացրել  «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: 
«Նշվածից բխում է, որ Կառավարությունը և պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե  որոշում ընդունելու լիազորությունը սահմանված է կա՛մ Սահմանադրությամբ, կա՛մ օրենքներով»,- ասել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս:
Արամ Մեյմարյանը պարզաբանել է՝ անտառային ոլորտը կարգավորող բազմաթիվ նորմատիվ իրավական ակտեր այժմ գործում են, սակայն օրենսգրքում բացակայում են դրանք լիազորող նորմերը: Կան նաև մշակման ենթակա իրավական ակտեր, որոնց ընդունման համար եւս բացակայում են լիազորող նորմերը:
Ակնկալվում է, որ «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության պահանջներին:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը հայտնել է, որ հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: