ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.03.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելի ղեկավարած պատվիրակությանը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելի ղեկավարած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալները։
Հանդիպմանը նախարարին են  ներկայացվել ծրագրի նպատակները և ծրագրով իրականացված առաջընթացի հաշվետվությունն ըստ բաղադրիչների։
Ողջունելով գործընկերներին, նախարար Հակոբ Սիմիդյանը շեշտել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի կարևորությունը նախարարության համար։
«Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության համար ունի գերկարևոր  նշանակություն որպես տարածաշրջանային բարձրլեռնային քաղցրահամ ջրի ամենամեծ պաշար: Այն ազգային անվտանգության և ռազմավարական գերակա նշանակություն ունեցող բնական պաշար է, որի պահպանության գործում պետք է համատեղել բոլոր ջանքերը։ Եվ մենք պատրաստ ենք ներդնել մեր բոլոր ռեսուրսները Սևանա լճի համալիր պահպանության ծրագրերին օժանդակելու համար»,-նշել է նախարարը։
«EU4Sevan» ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը նախարարին և գործընկերներին է ներկայացրել Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի շրջանակներում ներկա պահին իրականացված աշխատանքներն ըստ արդյունքների, դրանք են՝
Արդյունք 1` Սևանա լճի ավազանում ջրի մոնիթորինգի ու կառավարման կարողությունների հզորացում,
Արդյունք 2՝ Բարելավել էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունները,
Արդյունք 3՝ Բարելավել կոյուղաջրերի մաքրման գործընթացը Սևանա լճի շրջակայքում, ներառյալ բնահեն եղանակով, ու զարգացնել դրանում ընդգրկված անձնակազմի կարողությունները,
Արդյունք 4՝ Բնապահպանական իրազեկման բարձրացում, 
Արդյունք 5՝ Բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։
Հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների,  հարց ու պատասխանի ձևաչափով:
Տարբեր առաջարկներով հանդես են եկել նաև նախարարի տեղակալները։
Նախարար Հակոբ Սիմիդյանի հավաստմամբ՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները՝ դրանք հետագա աշխատանքների կազմակերպման ընթացքում հաշվի առնելու նպատակով։